«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը հայտարարել է, որ վերջերս թիմի հարձակվող Լիոնել Մեսսին գտնվում է վատ հոգեվիճակում: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ իտալական «Միլան»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի դեմ կայացած հանդիպումներում արգենտինացի ֆուտբոլիստը չէր փայլում՝ չնայած, որ կարողացել է գրավել «արքայական ակումբ»-ի դարպասը: Բացի այդ Մեսսին առանձնացել է նաև ազգային առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Դեպորտիվո»-ի դեմ խաղում:
«Ընդհանուր առմամբ՝ Մեսսին իրեն լավ է զգում: Բայց ես սուտասան չեմ և չեմ սիրում խեղաթյուրել իրականությունը: Ակնհայտ է, որ վերջին հանդիպումներում Լեոն գտնվում է հոգեբանական վատ վիճակում: Չգիտեմ՝ ինչն է պատճառը: Ես հարգում եմ անձնական կյանք ունենալու նրա իրավունքը: Նրան ուրիշներից առանձնացնում է վառ անհատականությունը: Երբ Մեսսին սխալվում է, կրկին շտկում է ամեն բան»,- հայտարարել է Ալվեսը:









































