Լյուքսեմբուրգում նկատվել է «Նոսֆերատու» անվանումը ստացած խոշոր սարդերի տարածում։ Այս տեսակն իր անունը ստացել է մեջքի նախշի պատճառով, որը հիշեցնում է «Նոսֆերատու» ֆիլմի վամպիր կոմս Օռլոկի ուրվագիծը։ Խոսքը միջերկրածովյան «Zoropsis spinimana» տեսակի մասին է, որը 2000-ականներից սկսած՝ գլոբալ տաքացման հետևանքով աստիճանաբար ընդլայնում է իր արեալը դեպի հյուսիս։ Այժմ մինչև 8 սմ չափեր ունեցող այս սարդերն արդեն հաստատվել են Լյուքսեմբուրգի տարածքում։
Առաջին նմուշը գիտնականները գրանցել են 2020 թվականին Դյուդելանժ քաղաքի շրջանում, իսկ հետագայում դրանք հաճախ են հայտնվել տեղացիների լուսանկարներում՝ iNaturalist.lu հարթակում։ Ի տարբերություն շատ այլ սարդերի՝ «Նոսֆերատուն» սարդոստայն չի հյուսում, այլ գիշերային ակտիվ որսորդ է։ Այն հաճախ մտնում է նաև բնակարաններ, որտեղ իր չափերի և ուժեղ ծնոտների պատճառով կարող է վախ առաջացնել մարդկանց մոտ։







































