Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց շարքային Սամվել Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս գործով յոթ ամբաստանյալ կա, բերվել էր յոթ վերաքննիչ բողոք: Սակայն այսօրվա դատական նիստից առաջ ամբաստանյալներից վեցը հետ վերցրին իրենց բողոքները, չցանկացան, որ դրանք քննության առնվեն: Այնպես որ՝ վերաքննիչ դատարանը քննության առավ միայն մեկ բողոք:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով տուժող զինվորին ինքնասպանության հասցնելու համար մեղավոր է ճանաչել դասակի հրամանատար, լեյտենանտ Ռաֆայել Մկրտչյանին, ջոկի հրամանատարներ, կոչումով կրտսեր սերժանտներ Տարոն Համբարձումյանին, Աշոտ Սարգսյանին, Արթուր Հովհաննիսյանին, ջոկի ավագ հրաձիգ, եֆրեյտոր Դավիթ Ղազարյանին, ջոկի վարորդ, շարքային Գևորգ Հարությունյանին, ջոկի հրաձիգ, շարքային Ծովակ Բարսեղյանին:
Ըստ դատավճռի՝ Համբարձումյանը, Սարգսյանը, Հովհաննիսյանը, Ղազարյանը, Հարությունյանը և Բարսեղյանը ծեծել և ստորացրել են շարքային Սամվել Խաչատրյանին: 2010 թվականի հոկտեմբերի 2-ին Խաչատրյանը ձեռքերը լվացել էր զորամասի ճաշարանի լվացարանում գտնվող սպասքի վրա: Ծ. Բարսեղյանը նկատել ու հայհոյել էր, Խաչատրյանն էլ իր հերթին էր հայհոյել, ապա հրաժարվել էր հայհոյանքի համար պահանջված պարզաբանումը տալուց:
Ժամը 22-ի սահմաններում զորամասի տարածքում նրան ոտքերով, ձեռքերով ծեծել էին: Խաչատրյանը վազել էր դեպի զորանոց, վերոհիշյալ զինծառայողները գոռգոռալով հետապնդել էին նրան, զորանոցում շարունակել ծեծը, հայհոյանքները, խփել էին աթոռով: Զինվորի գլխից արյուն էր հոսել:
Խաչատրյանը փախել էր զորանոցից, վազել դեպի հսկիչ անցագրային կետ, բայց ուշագնաց էր եղել: Նրան տեղափոխել էին զորանոց:
Ըստ դատավճռի՝ Սամվել Խաչատրյանը, գտնվելով նվաստացած ու հոգեճնշված վիճակում, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, կախվելու եղանակով ինքնասպանություն էր գործել:
Ժամը 16-ն անց 30-ի սահմաններում նրա դիակը հայտնաբերել էին զորամասի տարածքում գտնվող կիսաքանդ շինությունում:
Դասակի հրամանատար, լեյտենանտ Ռաֆայել Մկրտչյանը հոկտեմբերի 2-ին, ժամը 23-ի սահմաններում իմանալով, որ զինծառայողները ծեծել են շարքային Խաչատրյանին, դրսևորել էր անգործություն, չէր ձեռնարկել օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումները: Նա ինքն էլ ենթակա անձնակազմի ներկայությամբ ստորացրել էր շարքային Խաչատրյանի արժանապատվությունը, որից Խաչատրյանը հոգեպես ավելի էր ընկճվել:
Դատաքննության ժամանակ յոթ ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանց մեղավոր է ճանաչել և առաջադրված մեղադրանքները հաստատված գնահատել ընդհանուր իրավասության դատարանը:
Ռաֆայել Մկրտչյանը դատապարտվել է վերջին հաշվով՝ 7 տարի ազատազրկման, Տարոն Համբարձումյանը, Արթուր Հովհաննիսյանը, Գևորգ Հարությունյանը, Ծովակ Բարսեղյանը՝ 5-ական տարի ազատազրկման, Աշոտ Սարգսյանը և Դավիթ Ղազարյանը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման:
Վերաքննիչ բողոքներում ամբաստանյալները խնդրել էին ավելի մեղմ որակում տալ իրենց արարքներին և նշանակել արդարացի պատիժ, իսկ Ռաֆայել Մկրտչյանը խնդրել էր իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Այսօր, մինչև դատական նիստը սկսվելը, իրենց վերաքննիչ բողոքները հետ վերցրին Տարոն Համբարձումյանը, Աշոտ Սարգսյանը, Արթուր Հովհաննիսյանը, Գևորգ Հարությունյանը, Ծովակ Բարսեղյանը, Դավիթ Ղազարյանը: Նրանք այդ քայլով, կարելի է ասել, ընդունեցին իրենց մեղքը և հանձն առան կրելու դրա համար սահմանված պատիժները:
Բողոքները հետ վերցնելուն պես վերաքննիչ վարույթները կարճվեցին, ու նրանց մասով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը ուժի մեջ մտավ:
Դժվար է ասել՝ զղջման պատճառո՞վ նախկին զինծառայողներն այդպես վարվեցին, թե՞ չցանկացան «գլուխ դնել» բողոքարկման դատական գործընթացի հետ:
Իրենց բերած վերաքննիչ բողոքը պնդեցին միայն Ռաֆայել Մկրտչյանը և նրա շահերի պաշտպան Ա. Հովհաննիսյանը:
Պաշտպանը երկարաշունչ հիմնավորում կատարեց՝ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի ձևակերպումներն անվանելով «մակերեսային», նշելով, որ դատավճռում հաշվի չեն առնվել դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները, դատավճիռը դարձել է մեղադրական եզրակացության կրկնությունը:
Ըստ պաշտպանի՝ եթե Ռաֆայել Մկրտչյանի արարքում հանցակազմ կա, ապա այն լոկ անփույթ վերաբերմունքն էր ծառայության նկատմամբ:
Փաստաբանը զորամասում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի մեղավոր համարեց հիմնականում վերադաս հրամանատարությանը:
Ըստ պաշտպանի՝ Ռաֆայել Մկրտչյանի փորձն ու գիտելիքները բավարար չեն եղել, որպեսզի ստեղծված բարդ իրավիճակում հստակ գործի:
Դեպքի օրը նա նաև հիվանդ էր, ոտքը թարախակալված էր, ջերմությունը՝ շատ բարձր, բայց վերադաս սպան, նրա վիճակը հաշվի չառնելով, միանգամից երեք պարտականություն էր դրել վրան:
Մկրտչյանը, չնայած ռազմական բարձրագույն կրթություն ունի, բայց ընդամենը մեկ ամիս էր այդ զորամասում ծառայում:
Գործով դատահոգեբանական երեք փորձաքննություն էր անցկացվել: Առաջին երկուսի եզրակացության համաձայն՝ Խաչատրյանի հասցեին Մկրտչյանի հնչեցրած արտահայտությունները «հազիվ թե» ինքնասպանության հասցնեին զինվորին, իսկ երրորդ փորձաքննության եզրակացությամբ՝ Մկրտչյանի գործողությունների և Խաչատրյանի ինքնասպանության միջև պատճառահետևանքային կապը հաստատվել էր:
Պաշտպանի կարծիքով՝ վերջին փորձաքննությունն անցկացրած դատական փորձագետը բավարար գիտելիքներ հանդես չի բերել, հոգեբանության բնագավառում հատուկ գիտելիքների չի տիրապետել, մինչդեռ դատարանը, անտեսելով բարձրակարգ մասնագետ Է. Գրինի տված եզրակացությունները, դատավճռում հիմնվել է երրորդ փորձաքննության եզրակացության վրա:
Պաշտպանը ներկայացրեց նաև, որ տուժող Ս. Խաչատրյանը եղել է «պրոբլեմատիկ» զինվոր. անհավասարակշիռ, հրամանները չկատարող, նյարդային: Նա առողջական խնդիրներ է ունեցել ի սկզբանե, պիտանի է ճանաչվել ոչ շարային ծառայության համար: Հրամանատարական կազմը տեսել է, որ այդ զինվորը տարօրինակություններ ունի, ժամանակին հոգեբույժի մոտ զննման չի ուղարկել: Հնարավոր է, որ այդ դեպքում զինվորը հիմա ողջ լիներ:
Ըստ պաշտպանի՝ Մկրտչյանը Խաչատրյանին չի նվաստացրել, միայն խրատական զրույց է ունեցել հետը, դասին քնելու համար չի ապտակել նրան, միայն ձեռքով թեթևակի հրել ու արթնացրել է, տգեղ բառ էլ եթե ասել է նրա հասցեին, ապա տուժողն էլ է նույն բառն օգտագործել, այդ բառի պատճառով վերջինս ինքնասպան չէր լինի:
Պաշտպանը խնդրեց արդարացնել իր պաշտպանյալին կամ վերաորակել արարքը և մեղավոր ճանաչել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ եթե բողոքի հիմնավորումները դատարանին չեն համոզի, ապա գոնե թող մեղմացվի սահմանված պատիժը, որովհետև Ռաֆայել Մկրտչյանը երիտասարդ է, 7 տարի ազատազրկումը անհամաչափ խիստ է նրա համար:
Ամբաստանյալ Մկրտչյանը միացավ իր պաշտպանին, ասաց, թե ինքը թերացել է փորձի պակասի պատճառով: Հիվանդ էլ է եղել, լավ չի հասկացել իրավիճակը: Նա ընդունեց, որ զինվորների կողմից համածառայողին ծեծելու մասին իմանալով՝ հենց նույն օրը պետք է զեկուցեր վերադասին, ոչ թե սպասեր, թե ինչ կլինի հետո: «Մտածեցի՝ սպասեմ մինչև երկուշաբթի»,- ասաց ամբաստանյալը: Բայց տուժող Ս. Խաչատրյանին ավելի վաղ էր պետք շրջապատի ուշադրությունը, հրամանատարների ճիշտ ու հրամանատարին արժանի վերաբերմունքը: Միայնակ մնալով իր խնդրի հետ՝ Խաչատրյանը «չէր ապրել մինչև երկուշաբթի»:
Մեղադրողը առարկեց Ռաֆայել Մկրտչյանի շահերի պաշտպանի ներկայացրած բողոքի դեմ, նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռում լիովին հաստատված է Մկրտչյանի մեղքը:
«Եթե ժամանակին զեկուցեր, դեպքը տեղի չէր ունենա, զինվորը հիմա ողջ կլիներ, իսկ ինքն ու մյուս վեց զինծառայողներն էլ ազատության մեջ կլինեին»,- ասաց մեղադրողը:
Որպես Մկրտչյանին բնութագրող հանգամանք՝ մեղադրողը նշեց, որ ինքնասպան եղած Խաչատրյանին զինվորները գտել էին ժամը 16-ի սահմաններում, սակայն Մկրտչյանը թույլ չէր տվել՝ որևէ մեկին հայտնեն, 3 ժամ թաքցրել էր կատարվածը, սպասել՝ մինչև իր կողմից թույլտվություն ստացած ու անօրինական կերպով զորամասից բացակայող երեք զինվորները վերադառնան: Պաշտպանը, ի բացատրություն դրա, ասաց. «Շոկի մեջ է եղել, դրա համար էլ անմիջապես չի հայտնել»:
Մեղադրողը խնդրեց անփոփոխ թողնել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, իսկ Ռաֆայել Մկրտչյանի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ մերժել:
Վերջինս դատարանին տեղյակ էր պահել, որ միջնորդություններ պիտի կատարի, սակայն այդ փուլին դատարանը կանցնի հաջորդ նիստի ժամանակ:









































