«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով մարտի 13-ին Գյումրիում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի համերգին ներկա է լինելու ՀՀԿ գրեթե ողջ վերնախավը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը գլխավորելու է Երևանից Գյումրի մեկնող շքախումբը: Եվ, բնականաբար, Հ. Աբրահամյանի հետ է լինելու նրա ազդեցության տակ գտնվող պատգամավորական խումբը՝ արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ղեկավարությամբ:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ նախագահ Սերժ Սարգսյանը բավական լուրջ է ընդունել Շ. Պետրոսյանի քաղաքական գործունեությունը և նրան տվել է արտահայտվելու լայն հնարավորություն: Շ. Պետրոսյանի նկատմամբ նախագահի այդ վերաբերմունքն ակնհայտ զգացվում է ՀՀԿ հատկապես երիտասարդ գործիչների վարքագծից: Նրանք իրար հետևից իրենց աջակցությունն ու պաշտպանությունն են հայտնում երգչուհուն և կոչ են անում պինդ մնալ լրագրողների ու ընդդիմախոսների հարվածների դեպքում: Հենց այդ պատճառով էլ անցած շաբաթ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով բաց նամակ էր հղել իր կուսակից երգչուհուն:
Հայտնի է, որ Շ. Պետրոսյանն իր հրապարակային խոսքում, հարցազրույցներում և բանավեճերում քաղաքական շատ սխալներ է թույլ տալիս: Եվ ՀՀԿ-ականները ստիպված են լինում նրան արդարացնել, քանի որ նա նախագահի սիրելին է: Օրինակ՝ հեռուստատեսային վերջին բանավեճի ժամանակ երգչուհին «փայլեց» հերթական կիքսերով: Հաղորդաշարի ժամանակ Պետրոսյանը, գյումրեցիներին նկատի ունենալով, ասել է, թե ազնիվ չէ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի:
Այդ հայտարարությունը զայրացրել է շատ գյումրեցիների, ովքեր պատրաստվում են դժգոհության ակցիաներ անցկացնել երգչուհուն համերգի ժամանակ: Սոցիալական ցանցերում հրապարակումներ եղան, թե Գյումրու մի խումբ բնակիչներ ինքնաբուխ ակցիայի են պատրաստվում: Եվ այդ միջոցառումներում ընդգրկվել են հիմնականում նախագահական ընտրությունները բոյկոտող գյումրեցի ուսանողները, ովքեր վերջին օրերին բողոքի այլ միջոցառումներ են անցկացնում այնտեղ: Հրապարակում եղավ, թե Գյումրիում Շ. Պետրոսյանից դժգոհ մարդիկ պատրաստվում են նրան դիմավորել «խիարով և օճառով»:
Եվ հիմա, որպեսզին երգչուհին իրեն սփոփված զգա իր նկատմամբ ծավալվող հասարակական դժգոհությունից, Ս. Սարգսյանը հանձնարարել է, որ մայրաքաղաքից Գյումրի մեկնի հանդիսատեսների մեծ և բարձրաստիճան խումբ: Ինքը՝ նախագահը, հավանաբար չի կարողանա մասնակցել այդ համերգին, քանի որ այսօր մեկնելու է Մոսկվա: Եվ հենց այդ պատճառով էլ Շ. Պետրոսյանի բարձրաստիճան հանդիսատեսների պատվիրակությունը գլխավորելու է Հ. Աբրահամյանը:









































