BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` իսպանական Սիուդադ-Ռեալ քաղաքի օդանավակայանը, որի կառուցումը հինգ տարի առաջ արժեցել է մեկ միլիարդ եվրո, հանվել է վաճառքի և կարող է վաճառվել ընդամենը 10.000 եվրոյով:
Սնանկացած ու ժամանակավորապես փակված օդանավակայանը փորձում են վաճառել արդեն երկու տարի: Սկզբնական շրջանում այն գնահատվել է 100 միլիոն եվրո, ապա դրա գինը նվազեցվեց մինչև 80 միլիոն եվրոյի: Ներկայումս այն գնահատվում է 30 միլիոն եվրո:
Վաճառքը երկարաձգվել է 7 անգամ, և միայն ներկայումս է ստացվել առաջին և դեռևս միակ հայտը, որում առաջարկվում է օդանավակայանը գնել 10.000 եվրոյով: Հայտը ներկայացրել է չինական Tzaneen International ընկերությունը, որն ավտոմատ կհաղթի աճուրդում, եթե առաջիկա 20 օրում չստացվեն այլ հայտեր:
Գնորդը, սակայն, պետք է մարի օդանավակայանի պարտքերը, որոնք 2010 թվականին գնահատվել են 300 միլիոն եվրո: Օդանավակայանը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից 200 կիլոմետր հեռավորության վրա:


















































