Նանկայի համալսարանի չինացի հետազոտողները փորձարկել են իրենց ստեղծած ավտոմեքենան, որը կարելի է կառավարել մտքի ուժով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Մտքի ուժով հեռակառավարման համակարգը ստեղծվել է Great Wall Motor չինական ավտոարտադրողի հետ համագործակցությամբ։ Մեքենայի փորձարկումը հաջողությամբ կայացել է հուլիսի 15-ին։
Մեքենան կառավարվում է 16 ցուցիչներով զինված գարնիտուրայով։ Ցուցիչներն ուղեղի ազդակները հաղորդում են հրամանների մշակման համակարգ։ Փորձերի ժամանակ «ուղեղային կենտրոնը» մեքենան առաջ ու հետ է շարժել, ինչպես նաև բացել ու փակել դռները։
Հետազոտողները նշում են, որ նման տեխնոլոգիաները կարող են օգնել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց։









































