Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանական ազգային գորգերի կենտրոնի ղեկավար Համիդ Քարգարը հայտարարել է, որ Իրանը ծրագրում է վերսկսել գորգերի արտահանումը ԱՄՆ, ինչը պետք է տեղի ունենա իրանական միջուկային ծրագրի կապակցությամբ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո։
Նա ընդգծել է, որ իրենք գոհունակությամբ են ընդունել «վեցյակի» հետ համաձայնագիրը, որը ճանապարհ է հարթում իրանական ձեռագործ գործերը բոլոր շուկաներ և մասնավորապես ԱՄՆ արտահանելու համար։ Քարգարը հիշեցրել է, որ 2009 թվականից առաջ ԱՄՆ-ը իրանական ձեռագործ գորգերի արտահանման շուկայում զբաղեցնում էր առաջին տեղը, և որ նրան էր բաժին ընկնում գորգերի արտահանման 16.5 տոկոսը՝ 82 միլիոն դոլար։
Նա հավելել է, որ իրանական գորգերի թիվ մեկ ներկրողի կողմից սահմանված պատժամիջոցները 2010 թվականին մեծ հարված հասցրին գորգերի արտահանմանը։ Քարգարի խոսքով՝ իրանական գորգերն արդեն 5 տարի է, ինչ ներկայացված չեն ամերիկյան շուկայում, ինչի հետևանքով առաջացած վակուումը լցրել են հնդկական գորգերը։
Քարգարը կարծում է, որ միջուկային գործարքը հնարավորություն կտա 2016 թվականին սկսել իրանական գոգերի արտահանումն ԱՄՆ և վերականգնել իրանական գորգերի տեղը ամերիկյան շուկայում։







































