New Horizons զոնդը Երկիր է փոխանցել Պլուտոնի արբանյակ Հարոնի նոր լուսանկարներ, որոնցում կարելի է տեսնել չափազանց յուրահատուկ լեռ՝ յուրատեսակ քարե «ամրոց»՝ շրջապատված դատարկ փոսով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով NASA-ի մամլո ծառայությանը:
Պլուտոնի համակարգով անցնելիս New Horizons ավտոմատ կայանն արել է գաճաճ մոլորակի և դրա արբանյակների 1 000-ից ավել լուսանկարներ: Այդ ամբողջ նկարաշարի փոխանցումը Երկիր, գիտնականների գնահատմամբ, կտևի մոտ կես տարի:
Փոխանցված լուսանկարներից մեկում կարելի է նկատել շատ խառնարաններ, նաև յուրահատուկ կառուցվածք՝ հարաբերականորեն խոշոր խոռոչ՝ 390 կմ երկարությամբ և մի քանի հարյուր մ խորությամբ, որի կենբտրոնում լեռնագագաթ է գտնվում՝ բավական բարձր ու տարածված: Գիտնականները դեռ չգիտեն՝ ինչպես է առաջացել այդ «փոսով ամրոցը», սակայն այն համարում են Հարոնի ընդերքում երկրաբանական ակտիվության դրսևորում:
Այսօր երեկոյան մեր ժամանակով ժամը 21-ին New Horizons-ի գիտական թիմը խոստանում է ներկայացնել Պլուտոնի և դրա արբանյակների նոր լուսանկարներ, որոնք հանրությանը կցուցադրվեն տիեզերական գործակալության կայքում:









































