Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ ստիպված է մինչև վարկատուների հետ համաձայնագրի կնքումն աշխատել կառավարության հետ, որն աջակցում է խորհրդարանում պատգամավորների փոքրամասնությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կաբինետի աղբյուրին:
Այդպիսով Ցիպրասը հասկացրել է, որ արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն պայմանավորվածությունների ստորագրումից հետո: Դա, սակայն, չի բացառում տեղափոխությունները կաբինետում:
Հունական բանկերին լիկվիդայնություն տրամադրելու և հունական տնտեսությանն օգնության ավելի քան 80 մլրդ եվրոյի նոր ծրագիրը վերսկսելու համար անհրաժեշտ օրենքի վերաբերյալ քվեարկության ժամանակ ՍԻՐԻԶԱ-ի 149 պատգամավորներից 32-ը դեմ է եղել, ձեռնպահ է մնացել 6-ը, մեկը բացակայել է քվեարկությունից: Այդպիսով, կառավարության 39 ձայնը չի լրացել:
Աղբյուրի խոսքով՝ խորհրդարանի նիստում կառավարությանն աջակցելուց մի շարք պատգամավորների հրաժարվելու հետ կապված իրավիճակը քննարկվել է հինգշաբթի օրը կառավարության ներկայացուցիչների և կուսակցական պաշտոնյաների խորհրդակցության ժամանակ: Ցիպրասը, նրա խոսքով, հիշեցրել է, որ ՍԻՐԻԶԱ-ի խորհրդարանական խմբի նիստում քննարկվել են այլընտրանքային առաջարկներ եվրոգոտու գագաթնաժողովի համար: Սակայն նրանք, վարչապետի կարծիքով, չեն լուծել իրենց առջև դրված դիլեման:
«Ես հարցրել եմ և խորհրդարանական խմբակցությանը, և յուրաքանչյուր պատգամավորի առանձին՝ արդյոք (վարկատուների կողմից) իրական շանտաժ կամ բլեֆ եղե՞լ է: Եվ առաջարկել եմ միասին որոշել, որ եթե դա բլեֆ է, մենք բոլորս «ոչ» կքվեարկենք: Եթե, սակայն, դա իրական է, մենք կկիսենք ողջ պատասխանատվությունը»,- մեջբերել է աղբյուրը Ցիպրասի հանդիպման ժամանակ ասած խոսքերը:
«Խմբակցության 32 պատգամավորների ընտրությունը՝ չկիսել պատասխանտվությունն անձամբ ինձ և ՍԻՐԻԶԱ-ի մյուս 110 պատգամավորների հետ, հակադրվում է գործակցության և համերաշխության սկզբունքներին, իսկ կրիտիկական պահին մեզ բաց վերք կհասցնի»,- ասել է Ցիպրասը:
«Անձամբ ես այս 6 ամիսների ապրումներից հետո ոչ ոքի չեմ կարող թույլ տալ համարել, որ խիղճը մեր ընդհանուր սկզբունքներից, արժեքներից, դիրքորոշումներից և գաղափարախոսական հիմքերից ուժեղ է»,- ասել է Ցիպրասը:
«Մեր ընկերների ընտրությունն ըստ էության թուլացնում է երկրի պատմության մեջ առաջին ձախ կառավարության աջակցությունը, իսկ հիմա ես ստիպված եմ մինչև համաձայնագրի ավարտը (վարկատուների հետ) շարունակել աշխատել կառավարության հետ, որին աջակցում է փոքրամասնությունը 300 պատգամավորներից»,- աղբյուրը մեջբերել է Ցիպրասի խոսքերը:
Ցիպրասի հայտարարությունը վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Ինչպես հինգշաբթի հայտարարել է ՆԳՆ ղեկավար Նիկոս Վուցիսը, արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին:
Ցիպրասի հայտարարությունը նշանակում է անջատում իր գծի հետ անհամաձայն պատգամավորներից, որոնք անթույլատրելի են համարում կոշտ տնտեսման քաղաքականության շարունակումը՝ ի հակադրություն կուսակցության նախընտրական խոստումների:
Խորհրդարանում հաջորդ լուրջ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ պատգամավորները պետք է ընդունեն վարկատուների հետ համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ օրինագծերից երկրորդը:
Միաժամանակ, RIA Novosti-ի աղբյուրների տեղեկություններով, Ցիպրասը մտադիր է վերաձևավորել կառավարությունը՝ հեռացնելով անհամաձայն նախարարներին ու նշանակելով նորերին:









































