Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխին քննադատությունների տարափ է տեղացել այն բանից հետո, երբ Ռիմ անունով պաղեստինցի աղջիկը լացել է կանցլերի հետ միգրացիոն քաղաքականության շուրջ զրույցի ժամանակ, հայտնում է Franc Press-ը:
Մերկելը «Լավ է Գերմանիայում ապրելը» նշանաբանով նախագծի շրջանակներում Ռոստոկ քաղաքում հանդիպել էր 32 դպրոցականների հետ: Գերմանիայում ժամանակավոր ապաստան տալու խնդրի դժվարությունների հետ կապված զրույցի ժամանակ պաղեստինցի աղջիկը պատմել է, որ իր ընտանիքին քիչ էր մնում արտաքսեին, և ինքը ապրում է մշտական վախով, որ իրենց ապաստան չեն տա Գերմանիայում: Կանցլերը խղճացել է աղջկան, շոյել է նրա գլուխը, այնուամենայնիվ նշել է, որ Գերմանիան չի կարող ընդունել բոլոր ցանկացողներին, և շատերը ստիպված են վերադառնալ: Դրանից հետո աղջիկը սկսել է հեկեկալ:
Գերմանական հեռուստաալիքներով ցուցադրված զրույցի տեսագրությունը քննադատության ալիք է բարձրացրել գերմանացիների շրջանում:







































