Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Անվտանգության գլխավոր ծառայությունը «Հրատապ» գրություն է ուղարկել բոլոր 81 նահանգների ոստիկանապետերին, որոնցում զգուշացրել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հնարավոր հարձակումների մասին։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Քրդստանի համայնքների միությունը» (KCK) հայտարարություն տարածեց հրադադարի ավարտի մասին։ Հրադադարի մասին խոսակցությունները Թուրքիայում սկսել էին տարածվել 2012 թվականի ավարտին, սակայն այդ մասին հայտարարվեց 2013 թվականի գարնանը՝ Նովրուզի ժամանակ։
KCK-ի հայտարարության մեջ նշված էր, որ PKK-ի թիրախում կլինեն ռազմական նպատակներով կառուցվող ամբարտակները։ Այդ հայտարարության հետ մեկտեղ PKK-ն Արդահանում, Աղրըում, Սիիրթում ու Մարդինում արդեն իսկ փակել է դեպի ամբարտակներ ու շինհրապարակներ տանող ճանապարհները։ Արդահանում անգամ փոխհրաձգություն է գրանցվել PKK-ի զինյալների ու զինծառայողների միջև։








































