Վերջին օրերին հայկական լրահոսի հերոս դարձած ռուսաստանցի միլիարդատեր Գերման Ստեռլիգովը երեկ մամուլի ասուլիս է տվել Լեռնային Ղարաբաղում, Շուշիում: Ստեռլիգովը հայկական մամուլի հերոս է դարձել հենց Ղարաբաղում հաստատվելու արդյունքում, իհարկե՝ դեռ ոչ մի պարզություն չկա, թե ինչքանով է այդ հաստատումը մշտական: Այնուհանդերձ Ստեռլիգովը արդեն ոչ միայն ասուլիս է տալիս Ղարաբաղում, այլ նաև խորհուրդներ ղարաբաղյան իշխանություններին:
Ըստ նրա՝ պետք է անցնել ոսկե և արծաթե դրամների, հիմնել օֆշորային գոտի, հրաժարվել քիմիական ապրանքներից և բնական ապրանքների սերտ առևտուր սկսել Ռուսաստանի հետ և այլն: Մի խոսքով, ռուսաստանցի սկանդալային գործարարը, որ հայտնի է նաև կրոնա-բարոյական թեմաներով իր քնարական զեղումներով, իր ամպլուայի մեջ է նաև Լեռնային Ղարաբաղում: Իսկ այստեղ, ինչպես նա բացահայտել է, փաստորեն հայտնվել է Հայաստանցի գործարար, ընդդիմադիր ուժերի ոչ վաղ անցյալի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խորհրդով, որն, ըստ Ստեռլիգովի, նրան խորհուրդ է տվել գալ Ղարաբաղ, քանի որ այստեղ ավելի լավ է:
Ստեռլիգովը, իր խոսքերով, Ռուսաստանում իր հանդեպ շինծու քրեական հետապնդումից ընտանիքը պաշտպանելու համար փնտրել է անվտանգ մի տեղ և փաստորեն մտադրություն ունենալով հաստատվել Բելառուսում՝ եկել է Ղարաբաղ: Սա, ըստ էության, շատ հետաքրքիր հայտարարություն է: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը փրկել է Ստեռլիգովին: Այսինքն՝ հայ ժողովրդին փրկել չհաջողվեց, բայց գոնե փրկվեց Ստեռլիգովը: Սակայն սա այնքան էլ միանշանակ չէ, քանի որ միգուցե Ծառուկյանը ոչ այնքան Ստեռլիգովի անվտանգության մասին է մտածել, ինչքան իր ընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին ավելորդ գլխացավից ազատելու մասին:
Փաստորեն, Ծառուկյանը Ստեռլիգովին Բելառուսից, այսպես ասած, բերել է Ղարաբաղ: Այլապես ողջ աղմուկը այսօր կլիներ Բելառուսի ուղղությամբ, իսկ դա երևի թե Լուկաշենկոյին պետք չէր, քանի որ նա պատրաստվում էր օրերս տեղի ունեցած ԵՏՄ-ի գագաթնաժողովին Պուտինից հերթական միլիարդները ուզել, խնդրել կամ պահանջել: Այնպես որ, Գագիկ Ծառույանն ավելի շատ Լուկաշենկոյին է լավություն արել Ստեռլիգովին տված իր խորհրդով, ինչքան հենց Ստեռլիգովին:
Թե Լուկաշենկոյին արված այս լավությունն ինչով կավարտվի Լեռնային Ղարաբաղի համար՝ դեռ պարզ չէ: Առայժմ միայն աղմուկն է մեդիաներով, Ստեռլիգովի շուրջ ծավալվող լրատվական հոսքերն ու քամիները, իսկ թե ինչ է կատարվում «փոթորկվող» ծովի հատակին, սա կարծես թե առ այսօր այնքան էլ տեսանելի չէ, իսկ թե ինչ կլինի փոթորիկը հանդարտվելուց հետո, որը, իհարկե, մի օր անպայման տեղի կունենա, մենք կտեսնենք ապագայում:
Հազիվ թե Ստեռլիգովը մեկ ասուլիսում ասել է ամբողջը և անկասկած դեռ շատ բաներ կարող են բացահայտվել նրա ղարաբաղյան այս խորհրդավոր այցից, հատկապես այն բանից հետո, երբ Ստեռլիգովը կվերադառնա Մոսկվա: Նա հայտարարել է, որ առաջիկայում մեկնելու է Մոսկվա, իհարկե՝ ընտանիքը թողնելով Լեռնային Ղարաբաղում: Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի Ստեռլիգովի «երկրորդ գալուստը» Լեռնային Ղարաբաղ և Ղարաբաղի հանդեպ ուշադրության էլ ինչ ակունքներ կբացահայտի ռուսաստանցի սկանդալային միլիարդատերը:









































