Մոլդովայում մեկնարկել են ամերիկացի հրետանավորների մասնակցությամբ միջազգային զորավարժությունները։ Այս մասին հայտնել է Մոլդովայի պաշտպանության նախարարությունը՝ փոխանցում է Ria Novosti-ն։ Զորավարժություններն անցկացվում են Բելցի քաղաքի մոտ գտնվող զորավարժարանում։ Դրանք ստացել են «Համատեղ ջանքեր 2015» (Efort comun 2015) անվանումը։
Մոլդովացիներից բացի, զորավարժություններին մասնակցում են նաև ամերիկացի, լեհ, վրացի, ռումինացի զինծառայողներ։ Մոլդովական կողմից զորավարժությունների ղեկավար, գնդապետ Վյաչեսլավ Ռուսուն հայտարարել է, որ զորավարժությունների առաջադրանքը մասնակից երկրների զինծառայողների միջև փորձի փոխանակումն է ու զինատեսակների համատեղելիության ստուգումը։ Նա հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մոլդովայում անցկացվում են նման զորավարժություններ։









































