Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Թբիլիսիից Մոսկվա թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել անվտանգության հարցն ու վրացական կողմի համար «ցավոտ» թեմաներ։
«Այս անգամ ես մեկնում եմ կրկնակի ծանրաբեռնվածությամբ: Մի կողմից՝ մասնակցելու եմ համաժողովի, որն առնչվում է անվտանգության մարտահրավերներին, իսկ մյուս կողմից էլ հանդիպումներ եմ ունենալու Ռուսաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Զրույցն առնչվելու է Վրաստանի անվտանգության հարցին և այն թեմաներին, որոնք շատ ցավոտ են մեզ համար, և որոնց կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի հետ քննարկում»,- հայտնել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուրջանաձեն Մոսկվա է մեկնելու Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով:









































