Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան կարող է մեծացնել Ադրբեջանից Թուրքմենստան ro-ro տիպի նավերով բեռնափոխադրումների ծավալը, ինչը պետք է իրականացվի Իրանի տարածքը շրջանցելով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Միջազգային փոխադրողների ասոցիացիայի (UND) գործադիր տնօրեն Ֆաթիհ Շեները:
Նա ընդգծել է, որ դա հնարավոր է այն դեպքում, եթե ադրբեջանական կողմը տրամադրի հավելյալ զեղչ, և որ այդ դեպքում բեռնափոխադրումների առնվազն 50 տոկոսը Ադրբեջանից Թուրքմենստան կարելի է իրականացնել Կասպից ծովի միջոցով:
Շեները չի բացառել, որ Թուրքիան կարող է Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջոցով բեռների հոսքը մեծացնել տարեկան մինչև 25.000 բեռնատարի: Նա ընդգծել է, որ տարեկան Իրանի միջոցով Թուրքմենստան է ուղարկվում 50.000 թուրքական բեռնատար, մինչդեռ Ադրբեջանի միջոցով Թուրքմենստան ուղարկվում է ընդամենը 5000 բեռնատար: Շեների խոսքով՝ Ադրբեջանը նախկինում Թուրքիային հատկացրել է 10 տոկոսանոց զեղչ, սակայն ամեն դեպքում այդ երթուղին մնում է թանկարժեք:









































