Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը ժամանել է Անկարա: Այստեղ նա հանդիպումներ է ունենում Թուրքիայի քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ:
Այդ հանդիպումներում Ալենը քննարկում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում համագործակցության զարգացման հարցը, որի նպատակն է ԴԱԻՇ-ի առաջխաղացումը կանգնեցնելն ու նրան վերջնական պարտության մատնելը:
Օբաման արդեն իսկ հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը վերածվել է ողջ աշխարհի մասշտաբով սպառնալիքի և խոստացել է ուժեղացնել նրա դիրքերին հասցվող ավիահարվածները: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ու ԱՄՆ զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսին այսօր ելույթ են ունենալու ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովում և խոսելու են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ռազմավարության մասին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, որ ԱՄՆ-ը ցանկանում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում օգտագործել Դիարբեքիրի ու Ինջիրլիքի ավիաբազաները, սակայն Թուրքիան դեմ է դրան:










































