ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիտարկում է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ գործարքի գնալու հնարավորությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը։
«Ես իսկապես կարծում եմ, որ լուծման հիմք կա, որն արդյունքում կբավարարի բոլորին։ Ես կարծում եմ, որ նման հնարավորություն գոյություն ունի»,- ասել է Հոլդերը Yahoo News-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է նախկին գլխավոր դատախազը՝ Սնոուդենի գործողությունները առաջ են քաշել «անհրաժեշտ վեճեր» և ստիպել նախագահ Օբամային ու Կոնգրեսին փոխել ԱՄՆ քաղաքացիներին գաղտնալսելու քաղաքականությունը։
2013 թվականին Սնոուդենը փախել է ԱՄՆ-ից և հրապարակել մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսմանը ինչպես համաշխարհային քաղաքական գործիչներին, այնպես էլ ողջ աշխարհում շարքային քաղաքացիներին։
Ավելի ուշ Սնոուդենը ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում, իսկ ԱՄՆ-ում նրան մեղադրում են դավաճանության մեջ։









































