ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի այն հայտարարությանը, որ Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին, ասաց.
«Նման կարծիք հնչեցնելը իր գործն է, բայց ամեն դեպքում, եթե խոսում ենք ընտրությունների մասին, ժողովրդական արժեքների մասին, հայկական կողմը բազմիցս ապացուցել է այդ կամքը, որ ինքն, այո՛, այսօր ունի այդ քաղաքական կամքը գնալ բարեփոխումների: Դրա վառ ապացույցն էլ այն է, որ այսօր արդեն մի քանի քայլով բարեփոխված ընտրական օրենսգիրք ունենք»:
Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նրա այս գնահատականը` հարցին պատասխանելիս էլ առաջարկեց իր փոխարեն, նրան հարցնել:
Իսկ այն հարցին, թե այս հայտարարությունը կարո՞ղ է ընտրությունների ընթացքը փոխել: Այսինքն` Հայաստանում ընտրություններն անցնեն ավելի ժողովրդավար` նշեց. «Դա ոչ մեկի համար չի արվում: Դա արվում է հենց մեր համար, և առաջին հերթին մեզ է պետք, որ մեր երկիրը ավելի ժողովրդավար լինի, իսկ ընտրությունները էլ ավելի կայացած լինեն, քան նախորդները: Այն թերությունները, որոնց մասին խոսվել է, իշխանությունները հստակ քայլերի են գնացել, որպեսզի նման թերություններ, որոնք այս կամ այն չափով եղել են ընտրությունների ժամանակ, չկրկնվեն»:












































