Ադրբեջանական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի կառավարությունը զբաղված է Մեծամորի ատոմակայանին առնչվող փաստերի հավաքմամբ, որոնք կապացուցեն նրա «լրջագույն վտանգի աղբյուր» լինելը ողջ տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարար Հուսեին Բագիրովը:
Վերջինիս խոսքերով` տվյալ գործին լծվել է նաև Արտաքին գործերի նախարարությունը: Հավաքված փաստերը ներկայացվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) և միջազգային կառույցներին:
Բագիրովը նշել է. «Ներկայումս մենք այդ կապակցությամբ բանակցություններ ենք վարում միջազգային կազմակերպությունների հետ: Մեծամորի ատոմակայանն աշխատում է հնացած տեխնոլոգիաներով: Այդ ատոմակայանը «վտանգավոր» է, ինչն առաջին հերթին վերաբերում է հենց իր` Հայաստանի համար:
Մեր բանակցությունների թեման է հանդիսանում Մեծամորի ատոմակայանի գործունեության կասեցումը: Մենք այս խնդիրը բարձրացրել ենք նաև Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբինի մոտ»:
Հիշեցնենք, որ մարտի վերջին էլ TÜRKSAM միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Սինան Օղանը հայտարարեց, թե «Հայկական Չեռնոբիլ» հանդիսացող Մեծամորի ատոմակայանի արդիականացումը «հավասարազոր» է տարածաշրջանին միջուկային հարված հասցնելուն: