ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հունիս-հուլիս ամիսներին, իսկ մինչ այդ կհանդիպեն արտգործնախարարները:
Նկատենք, որ անցած տարվա համեմատ, այս տարի համանախագահների հանդիպումները «2+1» ձևաչափով բավականին քիչ են, և մինչ այս եղել է ընդամենը մեկը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հանդիպումների քանակի նվազեցումը պայմանավորված է դիրքորոշումների շուրջ տարաձայնություններով. «Կարծում եմ` երբ եղան դիրքորոշումների շուրջ տարաձայնությունները, հանդիպումները պակասեցին, որովհետև խոսելու բան չկա: Սոչիի հանդիպմանը կողմերն ընդհանրապես չեն անդրադարձել բուն փաստաթղթին, զրույց չի եղել սկզբունքների շուրջ, այլ եղել է իրավիճակի շուրջ, ավելի շատ խոսվել է շփման գծի մասին»:
Սարգսյանի գնահատմամբ, Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո ընդհանրապես բանակցային գործընթացը սառեցվեց, իսկ գագաթնաժողովում հնչած ելույթներից հետո հաճախակի հանդիպումներն անիմաստ էին.
«Հիմա երևի փորձում են նորից կանոնավորել այդ ամենը և գուցե ավելի հաճախակի լինեն»:








































