Թբիլիսիի կենտրոնում գտնվող Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության տասըհարկանի շենքը էլեկտրոնային աճուրդում վաճառվել է 9.45 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Interfax-ը: Նախնական գինը 6 մլն դոլար է կազմել: Վաճառքի հիմնական նպատակն է ստացված միջոցներով կայունացնել լարիի կուրսը:
Շենքը գնվել է ֆիզիկական անձի կողմից, որը ներկայացնում է երկրի ամենախոշոր ներդրումային խմբերից մեկը: Համաձայն պայմանների` օբյեկտի գնորդը 3 տարի պետք է 100 համարներից բաղկացած հյուրանոց կառուցի և այն շահագործման հանձնի:









































