MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը կարգադրել է ձևավորել 5 առանձին տիեզերական թիմ՝ հետախուզական արբանյակների հետ, որոնք կօգտագործվեն սահմանների անվտանգության համար:
Թուրք զինվորականները տիեզերական ծրագիր են նախաձեռնել՝ ուղղված զինված ուժերն անհապաղ հետախուզական տվյալներով ապահովելու համար: Այժմ Օզելի հրամանով ստեղծվել է 5 առանձին տիեզերական թիմ՝ հետախուզություն ու մոնիթորինգ, իրազեկում ու զգուշացում, էլեկտրոնային ապահովում, տեղանքի հստակեցում ու նավիգացիա, ինչպես նաև արբանյակների արձակման կենտրոն:
Օզելի խոսքով՝ թուրքական առաջին Gokturk-2 հետախուզական արբանյակի օգնությամբ հաջողվել է ստանալ մի շարք տվյալներ, որոնք օգնել են սահմանի հատման մոնիթորինգին: Օզելն ընդգծել է, որ սահմանների խախտումն այժմեական խնդիր է, և հատկապես Մերձավոր Արևելքում, ինչի համար էլ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը որոշել է ուղեծիր արձակել 5 նոր ռազմական հետախուզական արբանյակ, որոնք կգործեն միաժամանակ և կնպաստեն էլ ավելի շատ հետախուզական տվյալներ հավաքելուն:
Հիշեցնենք, որ «Թուրքիայի զինված ուժերը մինչև 2033 թվականը վերակազմավորելու» նախագծի շրջանակներում Թուրքիայի զինված ուժերն անցում են կատարելու «տիեզերական դարաշրջանին»: Թուրքական մամուլի պնդմամբ՝ տիեզերքում ազդեցիկ ուժի վերածվելու նպատակներ հետապնդող Թուրքիան նպատակադրվել է մինչև 2020թ. հիմնել «տիեզերական քաղաք», որը նման կլինի ամերիկյան NASA բազային, և որի շնորհիվ «տիեզերքի դռները» կբացվեն Թուրքիայի առջև: Այդ «տիեզերական քաղաքը» կդառնա Թուրքիայի «82-րդ նահանգը» (ԹՀ-ն ունի 81 նահանգ):
Թուրքիան նաև նախատեսում է 2030 թվականին թուրքական արտադրության տիեզերանավ և թուրք տիեզերագնացներ ուղարկել տիեզերք: 2014 թվականի փետրվարին հաղորդվել էր, որ Թուրքիայի զինված ուժերում ստեղծվելու է «տիեզերական հրամանատարություն», որը կկցվի ռազմաօդային հրամանատարությանը կամ էլ կգործի որպես անկախ հրամանատարություն: Դա պետք է իրականացվի առաջիկա 5 տարում` մինչև 2023 թվականը, երբ կլրանա Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:










































