Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած կուսակցությունները դրանցում հաղթած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար պահանջում են մեծ թվով նախարարություններ:
Դա կարող է հանգեցնել նրան, որ մի շարք նախարարություններ բաժանվեն երկու մասի, որով և նախարարությունների թիվը կհասցվի 30-ի: Ընդգծվում է, որ սկզբնական շրջանում պետք է մասնատվի 4 նախարարություն, և եթե դա չլինի բավարար, ապա մասնատման կենթարկվի ևս 3 նախարարություն:
Երկուշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի օրակարգի ամենաառանցքային թեմաներից մեկը եղել է հենց նախարարությունների թիվը մեծացնելու հարցը: Ներկա դրությամբ Թուրքիայի կառավարությունը բաղկացած է 26 անձից՝ վարչապետ, 4 փոխվարչապետ և 21 նախարար:
Մասնավորապես, նախատեսվում է մասնատել մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, շրջակա միջավայրի պահպանման և քաղաքաշինության նախարարությունը, անտառտնտեսության և ջրային գործերի նախարարությունը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, սպորտի և երիտասարդության նախարարությունը, տրանսպորտի, նավագնացության և կապի նախարարությունը:











































