«Բանաձևում կա մեզ համար անընդունելի դրույթ: Մենք և Ազգային ժողովը աշխատանք ենք կատարում, որ այդ դրույթը դուրս գա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցին, որի մեջ Հայաստանի վերաբերյալ անբարենպաստ արտահայտություններ կան:
Հիշեցնենք, որ հունիսի 22-26-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունդը և լեհ խորհրդարանական Թադեուշ Իվինսկին ներկայացրել են Ադրբեջանին վերաբերող մի զեկույց, որի մոտ կեսը նվիրված է լինելու Հայաստանին: Զեկույցի հեղինակները համարում են, որ «Հայաստանի ագրեսիան է խոչընդոտում Ադրբեջանի ժողովրդավարացմանը, այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը»:
Եվ ՀՀ արտգործնախարարությունն ու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն այս ընթացքում փորձում են Ադրբեջանի մասին այդ զեկույցից հանել Հայաստանին վերաբերող այդ ձևակերպումները: