ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում, որին մասնակցել են խորհրդի մոտ 150 անդամները, այդ թվում՝ ՀՀԿ պատգամավորները, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին է ներկայացրել ընտրությունների արդյունքները` դրանք գնահատելով նորմալ:
Ընտրախախտումների մասին տվյալները ներկայացրել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը` ներկայացնելով պաշտոնական թվերը, թե որ տեղամասերում ինչ բողոքներ են ստացվել և դրանցից որոնք են հաստատվել: Բնականաբար, մասայական ընտրակաշառքի, մարդկանց ուղղորդելու, ցուցակներով ընտրության տանելու վերաբերյալ որևէ փաստ չի ներկայացվել:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման մասին` ասելով, թե ի տարբերություն նախորդ անգամվա՝ մարդկանց մեջ դժգոհություն կա, բայց ատելություն չկա: Նա ընդգծել է, որ ժողորդի մեջ դժգոհությունը պահպանվում է:
Ուշագրավ է՝ մեր ունեցած տեղեկություններով` հրաժարականների մասին Սերժ Սարգսյանը չի խոսել:
Նշենք նաև, որ չի քննարկվել ընդդիմության հետ բանակցությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: