Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2015 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 0.8 տոկոս, մինչդեռ նախկին հունվարին արված կանխատեսման մեջ խոսվում էր 3.4 տոկոս ցուցանիշի մասին։
2016 և 2017 թվականներին սպասվում են 2.7 և 3 տոկոսանոց ցուցանիշներ՝ նախկինում կանխատեսված համապատասխանաբար 3.7 և 4.1 ցուցանիշների փոխարեն: Այս մասին հայտնի է դառնում «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցից։
Համաձայն պետբյուջեի՝ Հայաստանում ՀՆԱ աճը 2015-ին ծրագրված է 4.1 տոկոսի չափով, իսկ սղաճը՝ 4 տոկոսի սահմաններում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Համաշխարային բանկն իր «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում վատացրել է 2015-ին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ 3 տոկոսից 2.8 տոկոսի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Աճի դանդաղումը կապված է հումքի էժանացման հետ, հատկապես նավթի, որը հարվածել է արտահանողներին։ Մեկ այլ բացասական գործոն է ԱՄՆ-ում տոկոսադրույքների բարձրացումը, որը կմեծացնի վարկերի արժեքը զարգացող տնտեսությունների համար։
Զարգացող երկրների համար կանխատեսումը 4.8 տոկոսից (կանխատեսումն արվել էր հունվարին) հասցվել է 4.4 տոկոսի։ Նկատելի անկում է սպասվում Բրազիլիայում և Ռուսաստանում։ Ամենաարագ աճող խոշոր տնտեսություն է համարվել Հնդկաստանը։ Աճը ենթադրաբար կկազմի 7.5 տոկոս։
Ամերիկյան տնտեսության աճի կանխատեսումը նույնպես նվազեցվել է։ Հունվարին կանխատեսված 3.2 տոկոսի փոխարեն սպասվում 2.7 տոկոս աճ։
2016 և 2017 թվականների համար գլոբալ կանխատեսումները մնում են անփոփոխ՝ համապատասխանաբար 3.3 և 3.2 տոկոս։









































