Բրազիլիայում մահացել է երիտասարդը, որը 50 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ նմանվելու համարի Բարբի տիկնիկի ընկերոջը: «Ողջ Քենը» պայքարել է քաղցկեղի դեմ: Մահվան պատճառը եղել են հիվանդության հետ կապված բարդությունները՝ հայտնում է Latin Times-ը:
Հաղորդվում է, որ 20-ամյա Քենսո Սանտիբանյեսն իր սարսափելի ախտորոշման մասին իմացել է անցած տարվա վերջին: Այն ժամանակ նա քիմիաթերապիայի կուրս է սկսել, բայց չի կարողացել այն ավարտել. նրա մոտ բակտերիալ պնևմոնիա է սկսվել:
Սանտիբանյեսը մոդելի կարիերան սկսել է 15 տարեկանում: Նա մասնակցել է գեղեցկության մրցույթների. այդ ժամանակ էլ երկրպագուները նրան ասել են, որ նման է Քեն տիկնիկին: Սանտիբանյեսը որոշել է պլաստիկ վիրահատությունների միջոցով մեծացնել այդ նմանությունը:
Այնուհետև երիտասարդը թողարկել է սեփական տիկնիկները՝ ստեղծված իր նմանությամբ: Նա երազել է ուկրաինացի Բարբիի՝ Վալերիա Լուկյանովայի հետ ֆիլմում նկարահանվելու մասին: Սակայն երազանքն անկատար մնաց՝ հազվագյուտ տիպի լեյկեմիայի հետևանքով Սանտիբանյեսի մաշկի վրա մուգ հետքեր են սկսել գոյանալ, լնդերը սկսել են արնահոսել, քիմիաթերապիայի պատճառով մազերը թափվել են:
Մահվանից ոչ շատ առաջ Սանտիբանյեսը կզակի 4 վիրահատություն էր արել, նաև փոխել էր քթի և ստորին ծնոտի ձևը: Նրան նաև կրծքի սիլիկոնե իմպլանտներ էին դրել: Արդեն հիվանդ ժամանակ երիտասարդն ասել է, որ այլևս երբեք պլաստիկ վիրահատության չի դիմի, եթե փրկվի:










































