«Ի~նչ տեսարան. մեր ուղևորությունը ժայռի վրա գտնվող հայկական վանք». այսպիսի վերտառությամբ հրատարակում է հայտնվել Yahoo Travel-ում։
Էքսկուրսը կատարել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտոնի դասախոսն իր մի քանի ուսանողների հետ։
«Որոշակի հեգնանք կա 5 տարվա ճոպանուղով 1200 տարվա վաղեմություն ունեցող վանք հասնելու փաստի մեջ։ Դա կարծես նման է Snapchat-ով ընկերոջդ «Մոնա Լիզան» ուղարկելուն։ Բայց հենց դա էլ վերջերս արել եմ, և չէի կարող ուրախ չլինել, որ այժմ տեխնոլոգիա գոյություն ունի. այն հայկական պատմական գանձը դարձրել է ավելի հասանելի այցելուներին։ Եվ հենց հասնում ես մյուս կողմը, Տաթևի վանք ուղղվող ճոպանուղին թվում է ժամանակի մեքենա»,- պատմում է Գրեգ Կիրակոսյանը։
Հայաստանի հարավ-արևելքում՝ Որոտան գետի կիրճից վեր հառնող բարձրավանդակի վրա գտնվող վանքը հիշեցնում է «Գահերի խաղի» պարզ անալոգները՝ գրում է նա։ Բայց, ի տարբերություն Ուինթերֆելի, այս վայրը իսկապես ապրել է այդ պատմությունները։ 848 թվականին Տաթև գյուղի մոտ կառուցված վանքը կրոնական դիրք, տնտեսական ազդեցություն է ունեցել, տեսել է օտարերկրյա ներխուժումներ, ուժգին երկրաշարժեր, միջնադարյան կարևոր համալսարան, ավերում և վերականգնում։
Այս օրերին այն պարզապես զբոսաշրջային վայր է, բայց հրաշալի զբոսաշրջային վայր։ Տաթևի վանք հասնում ես աշխարհի ամենաերկար՝ ռեկորդակիր ճոպանուղով, որն անցնում է կիրճի վրայով 320 մետր բարձրության վրա։
Դասախոսը նշել է, որ թեև իրեն ուղեցողներից մեծ էր առնվազն 20 տարի, սակայն ամենաանհամբերն է եղել, որպեսզի տեսնի ու լուսանկարի վանքը, ինչպես անհանգիստ երեխան, որը ցանկանում է արագ մուտք գործել «Դիսնեյլենդ»։ Նրա մեջ վառ տպավորություն են գործել նաև Սատանի կամուրջն ու 1600 թվականի մենաստանները, որոնք երևում են ճոպանուղուց բացվող տեսարանում։
Մինչ ճոպանուղուն հասնելը, ինչպես նշում է օտարերկրացի այցելուն, 4 ժամ է պահանջվում Երևանից Հալիձոր գյուղ հասնելու համար։ Այնտեղից Տաթևի վանք հասնելու երկու տարբերակ կա՝ 40 րոպե մեքենավարում խոր, նեղ ճանապարհներով հեղեղատում կամ պարզապես պետք է ընտրել «Տաթևի թևերով» ուղևորությունը։
Ճոպանուղուց իջնելիս և վանքին մոտենալիս կարող ես տեսնել տարեց հայ կանանց, ովքեր վաճառում են ամեն ինչ՝ հացից մինչև օղի, և նրանք կարող են գրավել քեզ, որ ինչ-որ բան գնես։ Սակայն այդպես կարող ես ժամեր ծախսել ուսումնասիրելով։
Եկեղեցիների մոտ կարող ես տեսնել միջնադարյան խաչքարերի շարք, կարող ես մուտք գործել 17-րդ դարի վերականգնված «Ձիթհան» ձեթի գործարան, որը վերածվել է ինտերակտիվ թանգարանի։
«Տաթևի թևերի» կարիքն ունեինք՝ վերադառնալու մեր մեքենայի մոտ, բայց հոգիս թևածում էր առանց դրա»,- տպավորությունների մասին հրապարակումը եզրափակել է Գրեգ Կիրակոսյանը:










































