Ավստրալիայում անհայտ տղամարդը բուլդոզեր է առևանգել, որից հետո դրանով ճզմել 3 ավտոմեքենա և փլուզել ուրիշի տունը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության կայքում:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան: Ոստիկանության հաղորդմամբ՝ 48-ամյա տղամարդը, որի անունը չի հաղորդվում, բուլդոզեր է գողացել Լեյք Մաքուորի քաղաքի ձեռնարկություններից մեկում: Դրանից հետո նա բուլդոզերով գնացել է քաղաքի շրջաններից մեկը, որտեղ ճզմել է 3 մեքենա, այնուհետև բուլդոզերն ուղղել տան վրա: Հարևանը 56-ամյա կնոջն ու նրա երկու դուստրերին օգնել է տնից դուրս փախչել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են «բուլդոզերավարին» և նրան տարել հարցաքննության: Ոստիկանության տվյալներով՝ կինն ու նրա դուստրերը ծանոթ են հանցագործի հետ: Հարձակման դրդապատճառներն անհայտ են, անցկացվում է հետաքննություն: Դեպքի հետևանքով տուժածներ չկան:











































