Հունիսի 4-ին Երևանում աշխատանքն է սկսել «Ոստիկանության և հասարակության փոխհարաբերությունները» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև 2015 թ. գործողությունների շրջանակներում:
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անդրադարձավ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին ու հեռանկարներին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացված աշխատանքը համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ծրագրի գործարկման, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով:
Այնուհետև ելույթ է ունեցել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին: Բարձր գնահատելով կառույցի փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ՝ դոկտոր Ֆլյուրին նշել է, որ նման համաժողովները գործընկերության ընդամենը երևացող մասն են, ուր ամփոփվում է ամենօրյա գործնական աշխատանքը ոստիկանության ծառայողների վերապատրաստման, նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը միտված է ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդմանն ու հասարակություն-ոստիկանություն գործակցության սերտացմանը:
Համաժողովի առաջին մասը նվիրված էր հանցավորության կանխարգելման և հանրության ու ոստիկանության գործընկերության գործում համայնքային ոստիկանության դերին ու նշանակությանը:
«Հանրության վստահությունը՝ որպես ՀՀ ոստիկանության բարեփոխումների առաջնահերթություններից մեկը» զեկույցով հանդես է եկել ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետ Թիմ Փարսոնսը ներկայացրեց իր դիտարկումները քննարկվող հարցի վերաբերյալ:
ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի ստորաբաժանման հետազոտությունների և վերլուծությունների հարցերով խորհրդական Թորսթեն Շտոդյեկն իր զեկույցում անդրադարձավ համայնքային ոստիկանության ձևավորման ու գործունեության վերաբերյալ ԵԱՀԿ մոտեցումներին:
Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման ձեռքբերումներն ու մարտահրավերները ներկայացրել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը:
Համաժողովի երկրորդ մասում քննարկվեցին շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների հետ ոստիկանության համագործակցության խնդիրները: Գործընկերության նշանակությանն ու առանձնահատկություններին անդրադարձավ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետ Դենիել Սիլվերսթոունը: ԶՈՒԺՎ փորձագետ Կարմեն Վասիլը ներկայացրեց այս ոլորտում Արևելյան Եվրոպայի երկրների իրավապահ մարմինների փորձը:
«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Երանոսյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում համայնքային ոստիկանության զարգացման ծրագրի շրջանակում գործընկերային մոդելի կիրառմանը, իսկ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը գործընկերային մոդելը քննության առավ ընտանեկան բռնության հակազդման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կարողությունների զարգացման ծրագրի համատեքստում:
Ավարտին «ԶԼՄ-ների նշանակությունը հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների ձևավորման գործում» զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը՝ ներկայացնելով գործակցության առանձնահատկություններն ու խնդիրները:
Համաժողովի փակման խոսքով հանդես են եկել հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին:
Համաժողովն անցավ առարկայական քննարկումների մթնոլորտում, մասնակիցները ներկայացրին կոնկրետ հարցադրումներ և հիմնախնդիրների գործնական լուծման ուղիներ:









































