Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագիծն ապագայում կարող է միավորել նաև Իրանին:
Այս մասին Բաքվում Caspian Oil&Gas-2015 համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:
Նա հավելել է, որ Իրանը կարող է Եվրոպային իր գազը մատակարարել նաև այլ երթուղիներով. «Մենք քանիցս տեսել ենք, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն աջակցում են Ադրբեջանի էներգանախագծերին: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը հաճախ է մասնակցում մեր միջոցառումներին, աջակցում մեզ:
Նա նաև աջակցում է Եվրոպային թուրքմենական գազի մատակարարման հարցում: Իրաքը նույնպես շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ և կարող է մեծ դեր խաղալ Եվրոպայի էներգաանվտանգության հարցում: Ադրբեջանի ենթակառուցվածքների միջոցով իրենց գազը Եվրոպա կարող են հասցնել Իսրայելն ու Կիպրոսը: Մենք բանակցել ենք նրանց հետ: Ապագայում Իսրայելն ու Կիպրոսը կարող են Եվրոպային գազ մատակարարել Թուրքիայի տարածքով՝ Ադրբեջանի ենթակառուցվածքների միջոցով»։











































