«Այս տարի ընթացակարգային փոփոխություններ կան: Խստացվել են պայմանները նրանց հանդեպ, ովքեր կփորձեն օգտվել ծածկագրերից, հեռախոսներից և նման այլ սարքերից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ նախորդ տարիներին դիմորդը մեկ անգամ զգուշացվում, երկրորդ անգամ հեռացվում էր, իսկ հիմա անմիջապես կհեռացվի:
Նա նշեց, որ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ կարող է ասել, որ դիմորդների հնարամիտ քայլերը հստակ են, պարզ, «տրադիցիոն քայլեր են. հեռախոսներից են փորձում օգտվել, ծածկագրերից, կան նաև փոքրիկ միկրոֆոններ, որոնք տեղակայում են ականջի ներսում, անհարմար է ասել՝ մարմնի տարբեր մասերում տեղակայում են, հատկապես աղջիկները: Էդ բոլորը մեր մասնագետները փորձում են կոռեկտ ձևով վերհսկել»:
Գագիկ Մելիքյանը հիշեցրեց, որ բոլոր քննական սենյակներում, նույնիսկ պետքարաններում տեղադրված են խլացուցիչներ:
Նա դիմորդներին հորդորեց հանգիստ լինել. տեղերը բավարար են, ցանկացած դիմորդ իրավունք ունի 10 տեղ դիմելու, դրական շեմը հաղթահարելը բավականաչափ հեշտ է:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյոք անցողիկ ցածր շեմը չի՞ կարող որակյալ կրթության մասով խնդիրներ առաջացնել, ասաց. «Շեմը այնպիսին է, որ մեկ աստիճան բարձր պիտի լինի անգրագիտության շեմից: Անշուշտ, դա բարձր պիտի լինի: Երբ մենք նշում ենք, որ թեստը այնպիսին պիտի լինի, որ շեմը դիմորդը հեշտությամբ հաղթահարի, դա չի նշանակում, որ չպիտի բավարարի որոշակի նվազագույն չափանիշների, որոնք ամրագրում են այս կամ այն առարկայից գիտելիքների և կարողությունների ծավալը»:











































