«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից միասնական քննությունները տեղի կունենան վաղը առավոտյան՝ ժամը 09:30-ին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը նշեց, որ միասնական քննություններին կմասնակցի շուրջ 2000 դիմորդ՝ 1400-ը «Կենսաբանություն», 330-ը «Աշխարհագրություն» և 140-ը «Ընդհանուր պատմություն» առարկաներից:
Նա նաև տեղեկացրեց, որ կլինեն 13 քննական կենտրոններ, 2-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում։ Դրանք համապատասխանաբար հարդարված են, խլացուցիչները՝ տեղադրված:
Հիշեցնենք, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննությունը կանցկացվի հունիսի 5-ին, «Ֆիզիկա» առարկայից՝ հունիսի 9-ին, «Օտար լեզու» առարկայից՝ հունիսի 12-ին, «Մաթեմատիկա» առարկայից՝ հունիսի 16-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից՝ հունիսի 19-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայից՝ հունիսի 23-ին:
Այս տարի միասնական քննությունների առաջին փուլին հայտագրվել է 11 հազար 803 դիմորդ. նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը նվազել է 500-ով: