Բրիտանական Սոմերսեթ դքսության Քոմփթոն Մարտին ոչ մեծ գյուղում մեծարանքով կհուղարկավորեն բադին: Բացի դրանից՝ միջոցառման ժամանակ եկեղեցու դրոշը կիջեցվի: Sky News-ի հաղորդմամբ՝ Դեսմոնդ Դրեյք անունով բադն այնտեղ հայտնի է եղել: Նա 25 տարի ապրել է տեղի լճակում և վախեցրել այլ թռչունների: Նա նաև հայտնի է եղել մեծ քանակությամբ հին հաց և այլ սնունդ ուտելու կարողությամբ:
Մի քանի օր առաջ գյուղի բնակիչները լճակի մոտ փետուրներ են գտել, իսկ ավելի ուշ պարզել են, որ Դեսմոնդ Դրեյքին աղվես է սպանել: Հուղարկավորության կազմակերպումը ստանձնել է The Ring O Bells փաբը: Նշվում է, որ արարողությունը տեղի կունենա այս շաբաթ:
Տեղի բնակիչ Էնդրյու Գրիֆիթսի խոսքով՝ Դեսմոնդ Դրեյքը եղել է գյուղի խորհրդանիշը: «Մենք հասկացանք, որ պետք է հարգենք բադի հիշատակը…»,- ասել է նա:
Գրիֆիթսը հավելել է, որ կենդանին երկար կյանք է ապրել և հասցրել է հասարակության անդամ դառնալ: Նրա խոսքով՝ գյուղի շատ բնակիչներ ցավակցություն են հայտնել բադի սատկելու կապակցությամբ:









































