Չեխական բանակի գեներալ Պյոտր Պավելը, ով հուլիսից կստանձնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի պաշտոնը, համարում է, որ դաշինքն ի վիճակի չէ օպերատիվ կերպով պատասխանել սպառնալիքներին, այդ թվում Ռուսաստանի կողմից, որն իր կարծիքով, զուտ տեխնիկական տեսանկյունից մի քանի օրում կկարողանա գրավել մերձբալթյան երկրները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա պատասխանել Մերձբալթիկան գրավելու Ռուսաստանի հնարավոր գործողություններին, շատ ժամանակ կպահանջվի, քանի որ ՆԱՏՕ-ն բաղկացած է 28 երկրներից, որոնք շատ դժվարությամբ են հանգում միասնական որոշման:
Գեներալը Ռուսաստանի կողմից պոտենցիալ սպառնալիքը համեմատել է ԴԱԻՇ-ի սպառնալիքի հետ, միաժամանակ նշելով, որ երկու դեպքում էլ դաշինքի կիրառած հակազդող միջոցները զարմանալիորեն անարդյունավետ են:
Նա նշեց նաև, որ ՆԱՏՕ-ի ներսում կա լրտեսական ինֆորմացիայի անբավարարություն, քանի որ դաշինքը չունի սեփական համապատասխան ցանց և համակարգ, և ամբողջովին կախված է առանձին երկրների հատուկ ծառայություններից:
Բանակի գեներալ Պյոտր Պավելը մինչև ապրիլի վերջ զբաղեցնում էր չեխական բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: