Նյու Յորքի տարբեր շրջաններում ակտիվիստների խումբը գաղտնալսող սարքեր է տեղադրել, որից հետո ձայնագրությունը տեղադրել համացանցում: Նրանց նպատակն է բացել մարդկանց աչքերն ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության լրտեսական ծրագրի վտանգի հետ կապված, ինչպես նաև, այսպես կոչված, Հայրենասիրական ակտի հակառակորդների շարքերը համալրելու համար: Այս մասին հաղորդում է RT-ն` վկայակոչելով կազմակերպիչներից մեկին:
«Մեր գործողություններով մենք, կարծես, օգնում ենք Անվտանգության գործակալությանը: Նրանք հսկայական աշխատանք են իրականացրել ոչ այնքան գաղտնալսելիս, որքան մետատվյալներ հավաքելիս: Գործակալները կազմում են ձեր կյանքի պատկերը` հիմնվելով այն բանի վրա, թե ինչ եք անում և խոսում: Սակայն նրանք բացթողում ունեն` նրանց հայտնի չէ` ինչի մասին եք դուք խոսում ռեստորաններում, սրճարաններում, մարզասրահներում, պատկերասրահներում կամ թանգարաններում»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքերով` այդ գաղտնալսումներում մարդկանց համար ոչ մի սպառնալիք չկա: Ակտիվիստի խոսքերով` հենց դա էլ նրանք փորձել են պարզել:
«Այդ պատճառով էլ մենք այժմ ուրախությամբ հայտնում ենք, որ ըստ երևույթին, ոչ մի վտանգ չկա»,- ընդգծել է նա:








































