Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հայեցակարգային առաջարկություններ և դիտողություններ:
Պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, նկատի ունենալով, որ` «երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները»:
«Առաջին լրատվականը» խնդրեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի անդամ Աշոտ Սարգսյանին այս նախաձեռնության շարժառիթները գնահատել:
«Գաղափարն ինքնին անհեթեթ է, քաղաքական անգրագիտության դրսևորում է, ինչը այս իշխանությունների ամենաբնորոշ գիծն է: Բայց տվյալ դեպքում առավելապես գործ ունենք մանր ժուլիկության փաստի հետ»,- նշեց պարոն Սարգսյանը:
Կոնգրեսի ներկայացուցիչը այնուհետև հավելեց. «Այդ տղային նման բաների համար շատ են օգտագործում: Հիշենք թեկուզ նրա հեղինակած օրենքի փոփոխությունները, որոնց շնորհիվ այսօր լրատվամիջոցներին դատի տալու, սնանկացնելու մեխանիզմ է սկսել աշխատել: Տվյալ դեպքում նման գաղափար ասպարեզ գցելը նպատակ ունի հասարակական քննարկումներում այսօր թիվ մեկ թեման դարձած` Հայ ազգային կոնգրես-իշխանություն պայքարի սրումից մարդկանց ուշադրությունը տեղափոխել ուրիշ, թեկուզ անհեթեթ հարթություն, և ինչքան անհեթեթ ու ինչքան վիճահարույց` այնքան լավ: Իմ կարծիքով, այդ թեման հենց այս նպատակով է առաջ քաշվել, որպեսզի ծավալվեն քննարկումներ, այսօրվա հիմնական թեման, որը ուշադրության կենտրոնում է, երկրորդ պլան մղվի: Նույն կերպ Րաֆֆիի դեպքում էր. առաջին թեմա դարձնելու փորձեր արեցին, որպեսզի գոնե ինչ-որ շրջանակների համար դա դառնա առաջին թեմա»:









































