Աբովյանի քաղաքապետի ընտրություններում այսօրվա դրությամբ առաջադրվել է արդեն 6 թեկնածու: Այսօր առավոտյան առաջադրվեց նաև Գագիկ Ծառուկյանի ազգական Էդվին Թադևոսյանը, որը տևական ժամանակ աշխատել է Վերահսկիչ պալատում:
Մեզ հասած տեղեկություններով՝ Էդվին Թադևոսյանը ևս առաջադրել է Գագիկ Ծառուկյանը, որպեսզի ընտրապայքարի կեսից դուրս գա հօգուտ Վահագն Գևորգյանի, հակառակ այն բանի, որ նրանց բարեկամական հարաբերությունները այնքան էլ լավ չեն:
«Առաջին լրատվական»-ին հաջողվեց առաջադրման և Ծառուկյանի հետ կապված մի քանի հարց ուղղել Էդվին Թադևոսյանին, որը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց, թե Ծառուկյանը որևէ կապ ունի իր, իր առաջադրման ու պլանների հետ:
-Աբովյանի ամբողջ հասարակությունը գիտի, որ Էդվին Թադևոսյանը ինքն իր մոտեցումներով տարբերվում է բոլորից և անկախ է: Եվ որևէ մեկը չի կարող Էդվին Թադևոսյանին օգնել, աջակցել կամ առաջադրել: Էդվին Թադևոսյանն ինքն է որոշում առաջադրվել ու նրան ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի անձ չի սատարում:
–Անգամ ձեր ազգակա՞ն Ծառուկյանը: Դուք պնդո՞ւմ եք, որ նա չի ձեզ առաջադրել ու նա չի ձեզ համոզելու ինքնաբացարկի գնալ:
-Հաստատ` ոչ: Ծառուկյանը չի կարող ինձ համոզել առաջադրվել կամ հանել իմ թեկնածությունը: Բացառում եմ ընտրապայքարից դուրս գալը, մանավանդ` ինչ որ մեկին սատարելու համար:
–Իսկ ինչու է հասարակության մոտ, աբովյանցիների մոտ նման տպավորություն, որ դուք դրածո թեկնածու եք:
-Չկա այդպիսի բան: Եվ հետո եթե Աբովյանում հարցում էլ անցկացնեք` բոլորը միանշանակ կասեն, որ Էդվին Թադևոսյանն ինքն է իր ամբողջ կյանքում ինքնուրույն հարթել իր ճանապարհը և ինքն է հասել իր հաջողություններին: Ոչ ոք ինձ չի օգնել: Այդ թվում և իմ ազգականները:
-Իսկ առաջադրված մյուս 5 թեկնածուի ֆոնին ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:
-Բարձր եմ գնահատում: Միանշանակ հաղթանակը մերն է լինելու:
–Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր այդ հաղթանակը առանց որևէ քաղաքական ուժի, անձի հովանավորության, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ-ն պաշտպանում են Վահագն Գևորգյանին:
-ՏԻՄ մարմինների դեպքում քաղաքական ուժերի դերակատարությունը մինիմալի է հասցված: Եվ հետո, Աբովյանում ժողովուրդը փոփոխություն է ուզում և այդ փոփոխության հույսը մեր մեջ է տեսնում: Հոգնել է հնից, նոր բան է ուզում ժողովուրդը:
–Ի՞նչ նկատի ունեք փոփոխություն ասելով: Ի՞նչ պետք է փոխվի Աբովյանում:
-Կառավարման ձևը, կառավարման որակը, մթնոլորտը: Առկա վիճակը պետք է փոխվի: Դուք շատ լավ գիտեք` ես ինչ եմ ասում:
–Նկատի ունե՞ք Գագիկ Ծառուկյանի ու նրա փեսայի օրոք ստեղծված վիճակն ու մթնոլորտը:
-Այո-այո: Ես միայնակ, առանց որևէ մեկի սատարման պատրաստվում եմ փոխել այդ մթնոլորտը, քանի որ ինձ սատարում է աբովյանցին և ես հաշվետու եմ լինելու յուրաքանչյուր աբովյանցու՝ առանձին-առանձին, քանի որ աբովյանցին է որոշում, թե ես ինչպես աշխատեմ:
–Իսկ առաջադրված մյուս 5 թեկնածուներից ո՞ւմ եք համարում ձեր հիմանական մրցակիցը:
-Մրցակից ինձ ոչ ոքի չեմ համարում: Առաջադրվածներից միայն Արթուր Հարությունյանի մասին կարող եմ կարծիք հայտնել, քանի որ նա իմ ընկերն է և նախկին քաղաքապետի: Մնացածի մասին չեմ էլ ուզում խոսել կամ կարծիք հայտնել: Նաև ուզում եմ ասել, որ ևս մեկ Արթուր Գեղամի Հարությունյանի թեկնածություն առաջադրելու քայլը պարզապես անբարոյականություն էր առաջադրումների վերջին օրով:
–Բայց դա, ասում են, որ կրկին ձեր ազգական Գագիկ Ծառուկյանի մտահղացումն է եղել :
-Բա էլ ով պետք է աներ:
-Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ լարված են, անկախ նրանից, որ ձեր ազգականն է:
-Բարեկամական հարաբերութունները ուրիշ է, մնացած հարաբերությունները՝ ուրիշ: Ես այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի տեսակի հարաբերություն չունեմ:









































