Իտալական ընկերությունը յուրահատուկ սարք է ստեղծել՝ տնային պայմաններում կանաչի աճեցնելու համար, որը կոչվում է Green Wheel: Այն իրենից ներկայացնում է անիվի տեսքով պտտվող հիդրոպոնիկական այգի՝ հայտնում է Kedem-ը:
Այդ նախագիծը ոգեշնչված է NASA տիեզերական գործակալության գաղափարով, որը մշակել է պտտվող հիդրոպոնիկական համակարգի կոնցեպցիա, որը հնարավորություն կտար տիեզերագնացներին թարմ կանաչիով ապահովել երկարատև տիեզերական թռիչքների ժամանակ: Բայց բյուջեի և ժամանակի սղության պատճառով այդ գաղափարը չի իրագործվել:
Green Wheel-ում աճող կանաչին գտնվում է լույսի լուսադիոդային աղբյուրի շուրջը, որն անիվի կենտրոնում է: Կանաչին աճում է կոկոսի մանրաթելից հատուկ ծակոտկեն բաժակների մեջ, որոնք ապահովում են արմատների լավ աճը: Ջրի պոմպն ապահովում է բույսերի ավտոմատ ջրումը, շարժիչը յուրաքանչյուր ժամ պտտում է անիվը՝ ապահովելու համար անհրաժեշտ դրենաժ և օպտիմալ ֆոտոսինթեզ:
Green Wheel-ը կառավարվում է սմարթֆոնով կամ պլանշետով՝ հատուկ հավելվածի օգնությամբ: Սարքն առայժմ միայն կոնցեպտ է և վաճառքում դրա հայտնվելու մասին դեռ չի հաղորդվում:









































