ՆԱՏՕ-ն մտադիր է Աֆղանստանում մնալ նաև աֆղանական բանակի համար հրահանգիչների և խորհրդատուների իր՝ «Վճռական աջակցություն» ոչ ռազմական առաքելության ավարտից հետո, որը մեկնարկել է այս տարվա հունվարի 1-ից: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մայիսի 13-14-ը թուրքական Անթալիայում ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն իրավիճակն Աֆղանստանում: Առայժմ վաղ է մանրամասների մասին խոսել, բայց ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել ներկայությունն Աֆղանստանում նաև «Վճռական աջակցություն» առաքելության ավարտից հետո»,- ասել է նա: Սթոլթենբերգը նաև հաստատել է, որ Աֆղանստանը «2017 թվականից հետո էլ» օտարերկրյա տնտեսական օգնության կարիք կունենա իր բանակը պահելու համար:
Մինչև 2016թ. վերջ Աֆղանստանի և ԱՄՆ-ի միջև աֆղանական բանակի արտաքին ֆինանսավորման մասին պայմանավորվածություն կա, որի ծախսերը կազմում են տարեկան ավելի քան 4 մլրդ դոլար: Այդ միջոցների հիմնական մասը Վաշինգտոնն է տրամադրում:








































