Վաշինգտոնի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար միասնական աղոթքի արարողությանը ելույթ ունեցած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ Ցեղասպանությունը ոչ միայն ճանաչում է պահանջում, այլև հատուցում՝ որպես ոճիր, որ գործվել է մարդկության ու հայ ժողովրդի դեմ: Արամ Առաջինի այս խոսքերը Վաշինգտոնի Մայր տաճարում ստանում են առանձնակի քաղաքական և նույնիսկ աշխարհաքաղաքական նշանակություն, մի քանի կարևոր հանգամանքներից ելնելով:
Նախևառաջ այս խոսքերը հնչում են կարևորագույն մի քաղաքական կենտրոնում՝ Վաշինգտոնում, և հնչում են համաշխարհային քաղաքականության անխոս և վճռորոշ առաջատար հանդիսացող Միացյալ Նահանգների երկրորդ դեմք հանդիսացող պաշտոնյայի՝ փոխնախագահ Ջո Բայդընի ներկայությամբ: Ընդ որում՝ թերևս մոլորություն կլինի մտածել, որ Բայդընի ներկայությունն ու Արամ Առաջինի նմանօրինակ ելույթը, այսպես ասած, պատահականություն են, և եթե Բայդընը գիտենար, որ կարող են իր մասնակցությամբ, իր ներկայությամբ միջոցառմանը հնչել նմանօրինակ խոսքեր, ապա չէր գա միջոցառմանը:
Իրականում ԱՄՆ փոխնախագահը, ԱՄՆ վարչակազմը չէր կարող չիմանալ և չպատկերացնել նման ելույթի հավանականության մասին՝ հատկապես հաշվի առնելով, որ նախ նախատեսված էր Արամ Առաջինի ելույթ, և բացի այդ էլ, Արամ Առաջինը արդեն իսկ գործնական քայլը կատարել է հատուցման ուղղությամբ՝ Թուրքիայի դատարանում վիճարկելով Կիլիկիո Կաթողիկոսության սեփականության իրավունքը Սիսի կաթողիկոսարանի պատմական հողերի հանդեպ: Այսպիսով, ակնհայտ է, որ ԱՄՆ փոխնախագահը հստակ պատկերացրել է, թե ուր է գնում և ինչ ելույթի է ներկա գտնվելու՝ դրանից բխող քաղաքական ազդակներով հանդերձ:
Հաջորդ էական հանգամանքն այն է, որ Արամ Առաջինի ելույթը հնչում է Սերժ Սարգսյանի ներկայությամբ, որը մի քանի օր առաջ՝ ապրիլի 24-ից անմիջապես հետո ռուսական հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ Հայաստանը Թուրքիայից որևէ պահանջներ չունի: Այստեղ խնդիրը բոլորովին այն չէ, որ Հայաստանը պետք է հայտնի պահանջներ ունենալու մասին և ներկայացնի դրանք: Այստեղ խնդիրը քաղաքական է, և Հայաստանն առնվազն ներկայումս կարիք չունի պահանջներ չունենալու մասին հայտարարելու, եթե Թուրքիան որևէ կերպ չի ցուցաբերում Հայաստանի հետ երկխոսելու որևէ պատրաստակամություն և շարունակաբար կոշտացնում է իր նախապայմանների լեզուն:
Այդ իրավիճակում պահանջներ չունենալու մասին հայտարարությունը ռուսական հեռուստաեթերում, ըստ էության, տուրք էր ռուս-թուրքական հարաբերություններին, որոնցում Մոսկվան փորձում է Անկարայի առաջ խաղարկել Հայաստանին զսպելու իր խաղաքարտն ու այդպիսով գրավել Թուրքիային, ցույց տալ, որ Անկարայի համար կարևոր է դաշնակցել Ռուսաստանի հետ: Սակայն այսօր ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են որոշակի լարվածության փուլում: Այսօր Մոսկվայում տեղի ունենալիք շքերթին Թուրքիան մասնակցելու է ընդամենը Մոսկվայում դեսպանի մակարդակով:
Եվ ահա այս իրավիճակում, Վաշինգտոնում տեղի են ունենում զարգացումներ, որոնք ոչ միայն հետաքրքրական կապի մեջ են ԱՄՆ բարձր ներկայության հետ, այլ նաև, ըստ էության, դրսևորում են Թուրքիայի հարցում Սփյուռքի և Հայաստանի իշխանության պատկերացումների հակասությունը: Այստեղ էլ խնդիրն ամենևին չի հանգում պահանջել, թե չպահանջել պարզունակ դիլեմային: Այդ ամենը գործընթացի, այսպես ասած, հռետորաբանական կողմն է, մինչդեռ այն ներառում է շատ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական շրջանակներ, և այս պարագայում ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները բավական շոշափելիորեն խաղարկում է հայկական հարցը հենց պահանջատիրության հեռանկարի կոնտեքստում՝ այսպիսով բավական կոշտ մեսիջներ հղելով և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին:
Անկասկած է, որ ամեն ինչ, իհարկե, ավանդաբար հանգում է կարևոր միջազգային զարգացումների կոնտեքստում հայկական հարցի օգտագործմանը, և այս իրադարձություններին պետք է նայել զուտ այդ տեսանկյունից և ամենևին ոչ «հետ տվեք մեր հողերըե պարզունակության: Մի բան ակնհայտ է, որ այս գործընթացներում «հայկական հարցիե մաքոքը ապրիլի 24-ով կանգ չի առել: Ողջ հարցն այն է, թե որքանով են այդ մաքոքի պտույտները վերահսկելի թե՛ Հայաստանի, թե՛ ընդհանրապես հայության համար:











































