«Նոր ժամանակները»՝ որպես ընդդիմադիր տրամադրված ուժ, որպես քաղաքացի, մասնակցում է ՀԱԿ-ի բոլոր գործողություններին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը նախորդ ընտրություններում ընդդիմության մեջ ամենաշատ ձայներ հավաքած անձնավորությունն է. մինչև նոր ընտրություններ նա է դառնում ընդդիմության լիդերը, ով հին ընտրություններում հավաքել է առավելագույն քվե»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Նա անդրադարձավ ՀԱԿ-ի գործողություններին: Նրա գնահատմամբ, կա երկու տարբերակ՝ ընդդիմության մի հատվածը կարող է անխնա քննադատել ՀԱԿ-ին և դրանով օգնել իշխանություններին, իսկ մյուս տարբերակը, ըստ Կարապետյանի, չքննադատելն է, քանզի ոչ ոք դրա իրավունքը չունի, որովհետև ՀԱԿ-ի անդամ չէ: Կարապետյանի կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանը կարող է քննադատել ՀԱԿ-ի գործողությունները, որովհետև ՀԱԿ-ի անդամ է, իսկ «Ժառանգության» քննադատությունները անհասկանալի են: «Ի՞նչ իմաստ ունի քննադատել ընդդիմության մյուս հատվածին։
Մեր բոլորի քննադատության թիրախը իշխանություններն են, այն էլ էն իշխանությունները չեն, որ քննադատելու տեղ չունենան: Եթե որևէ մեկը տեսնում է, որ ՀԱԿ-ը պայմանավորվածությունների մեջ է մտել, խնդրեմ, ո՞վ է բռնել մյուսի ձեռքը, թող համապատասխան գործողություններով ցույց տան, որ իրենք պայմանավորված չեն, և իրենք ավելի արմատական գործողություններ են կատարում: «Ժառանգության» ձեռքը որևէ մեկը բռնե՞լ է»,- ասաց Կարապետյանը: Արամ Կարապետյանը նշեց, որ ՀԱԿ-ի գործողությունները ինքը չի քննադատում, սակայն եթե իրավիճակը այսպես շարունակվի, ՆԺԿ-ն ՀԱԿ-ի հետ դաշինք չի կազմի, և դա Կարապետյանը պայմանավորեց ՆԺԿ-ի և ՀԱԿ-ի գաղափարական տարբերություններով:











































