Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին նշել է այն երեք պայմանները, որոնց կատարման դեպքում ինքը պատրաստ է հրաժարական տալ: Հիշյալ առաջարկները նա փոխանցել է ապստամբներին: Այս մասին վկայում են արաբական լրատվամիջոցները:
Քադաֆիի առաջին պայմանը պաշտոնից զրկելու «վայելուչ» տարբերակն է, որի դեպքում ինքը պետք է ստանա անձնական անվտանգության երաշխիքներ և «փառքով» ճանապարհ դրվի այդ պաշտոնից: Բացի այդ, նա պահանջել է իրեն նշանակել որևէ խորհրդանշական պաշտոնի։ Իսկ ամենակարևոր պայմանը իշխանության փոխանցումն է իր որդուն` Սայֆ Ալ-Իսլամին:
Հայտնի է, որ վերջին օրերին շատ ծրագրեր են քննարկվում, որոնք նախատեսում են կրակի դադարեցում, բարեփոխումներ: Սակայն այդ ծրագրերի հիմնական խոչընդոտող կետը Քադաֆիի և նրա ընտանիքի անդամների ապագայի հարցն է: Ապստամբներն ու ընդդիմադիր կառույցները երկրում վերջին երկու ամիսներին տեղի ունեցած զանգվածային սպանդից հետո Քադաֆիի և նրա որդիների համար «ահեղ դատաստան» են պահանջում:
Հիշեցնենք նաև, որ այսօր Քաթարում տեղի է ունենալու Լիբիայի հարցով ստեղծված միջազգային համակարգող խմբի նիստը, որին ներկա են գտնվելու նաև ինչպես լիբիական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ Լոնդոն մեկնած Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Քուսան:








































