Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է իսրայելական Timeful սթարթափի գնման մասին, որն անձնական ժամանակի պլանավորման տեխնոլոգիաներ է մշակում: Գործարքի գումարն անհայտ է: Սակայն խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին, հաղորդում է vestifinance.ru-ն:
Անցած տարի Timeful-ը iOS-ի բազայի վրա աշխատող սարքավորումների համար թողարկել է համանուն ծրագիրը, որը նախատեսված է հիշեցումների և ժամանակի արդյունավետ պլանավորման համար: Բազմաթիվ մրցակիցներից նրան առանձնացնում է հատուկ ինտելեկտուալ ալգորիթմը, որը հիշում է օգտատերերի սովորությունները և ապահովում առանց ձեռքով ներմուծման հիշեցումների կարգավորումը:
«Խելացի» Timeful օրացույցը գնահատում է օգտատիրոջ հնարավորությունները՝ նախազգուշացնելով չափազանց շատ առաջադրանքների մասին, ինչպես նաև հիշեցնում է չկանխատեսված դեպքերի համար ազատ ժամանակ թողնել:
Ծրագիրը շուկայում համեմատաբար վերջերս է հայտնվել, այդ պատճառով էլ նրա աշխատանքն անթերի անվանել դժվար է: Մասնավորապես որոշ օգտագործողներ բողոքում են, որ Timeful-ն իրենց անհանգստացնում է բազմաթիվ ծանուցումներով և չի նպաստում գրաֆիկի գրագետ կազմակերպմանը, այլ, ընդհակառակը, խանգարում է:
Google-ում գիտեն այդ թերությունների մասին, սակայն հնարավոր է, ալգորիթմը ժամանակի հետ փոփոխությունների ենթարկվի և սկսի ավելի հարմարավետ աշխատել:









































