Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպել է ՀՀ նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան այցելած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամ, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլաոս Քուիքի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանում այլևս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, որի արդյունքում իշխանությունը ցույց տվեց քաղաքական կամք` շարունակելու լայնամասշտաբ բարեփոխումները:
Նիկոլաոս Քուիքը նախ տեղեկացրել է, որ Հայաստան այցելելուն պես ինքն առաջինը եղել է Հայոց եղեռնի հուշահամալիրում և իր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին՝ նա նշել է, որ ԵԱՀԿ դիտորդական խումբն ընտրությունները դիտարկելու նպատակով կատարել է օրենքով նախատեսված բոլոր քայլերը և հանգամանորեն արձանագրել արդյունքները: Հույն պատգամավորի գնահատմամբ՝ նախագահական այս ընտրությունը նախորդների համեմատությամբ լուրջ առաջընթաց քայլ է արձանագրել և՛ նախընտրական քարոզարշավի, և՛ բուն ընտրությունների օրինականության առումով: Նիկոլաոս Քուիքը հույս է հայտնել, որ հետայսու Հայաստանն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի նաև եվրաինտեգրման ու եվրոպական քաղաքականության ասպարեզում, որին պատրաստ են աջակցելու Հայաստանի եվրոպացի բարեկամները և առաջին հերթին՝ հույն գործընկերները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-հունական միջխորհրդարանական կապերին, պատգամավորական բարեկամական խմբերի փոխայցերին, խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում հայ և հույն պատգամավորների համագործակցությանն առնչվող հարցեր:









































