Վրաստանի կառավարությունն, անշուշտ, կկարողանա վերակենդանացնել Վրաստանի տնտեսությունը՝ այսօր լրագրողներին հայտնել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ Թբիլիսիում գործարարների հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է newsgeorgia.ru-ն:
Հանդիպմանը, որն անցկացվել էր Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում, մասնակցել են գործարար ոլորտի, ինչպես նաև կառավարության մոտ 200 ներկայացուցիչներ: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա ընդլայնված ձևաչափով գործարարների հետ Իվանիշվիլիի երկրորդ հանդիպումն է:
Իվանիշվիլին նշել է, որ հանդիպումը գործնական էր և որոշակիորեն նպատակաուղղված: Նրա խոսքով՝ հանդիպմանը նկատելի էր իշխանության գաղափարախոսության հանդեպ բիզնեսի վստահությունը: «Ոչ ոք չի կարող միջամտել մասնավոր բիզնեսին: Երկրում բիզնեսի վերաբաշխում այլևս տեղի չի ունենա»,- ասել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տնտեսության տարբեր ուղղություններին: Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպման անցկացման մասին:
Իվանիշվիլին գործարարներին ներկայացրել է Գեորգի Գախարիային, որը կդառնա Վրաստանի բիզնես-օմբուդսմենը:









































