Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ անցած գիշեր առնվազն 50 մարդ է սպանվել Հալեպի արևելյան խիտ բնակեցված շրջաններից մեկում՝ «երկիր-երկիր» դասի «Սկադ» բալիստիկ հրթիռների մարտագլխիկների անկման հետևանքով: Մի քանի տասնյակ մարդ գտնվում են փլատակների տակ: Այս մասին հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Առնվազն 10 բազմահարկ շինություններ են ոչնչացվել, բազմաթիվ այլ շինություններ մեծ վնասներ են կրել:
Հրթիռային հարվածից հետո այդ տեղանքը ենթարկվել է ինտենսիվ ականանետային կրակի, ինչը ևս մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել և դժվարացրել փրկարարական աշխատանքները առաջին հրթիռի պայթյունի վայրում:
Մի քանի ժամ անց ևս մեկ «Սկադ» է պայթել Հալեպի Թել Ռաֆաթ արվարձանում, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո: Այդ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը չի հստակեցվում:
Սիրիայի պետական ԶԼՄ-ները այս միջադեպի առնչությամբ դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել:











































