«Եվրամիությունը փորձում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ, հանդես գալ որպես սուբյեկտ միջազգային աշխարհաքաղաքականության մեջ և այդ տեսանկյունից նաև ակտիվացնում է իր գործունեությունը Հարավային Կովկասում»,- խոսելով Եվրամիության արտգործնախարարների կողմից Ղարաբաղի հարցի քննարկման մասին` «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Բաբայանի խոսքերով, Լյուքսեմբուրգում կայանալիք քննարկումը չպետք է դիտարկել որպես բացասական երևույթ, քանզի վերջերս եվրոպական կառույցներում սկսել են անընդհատ խոսել, այսպես կոչված, չճանաչված հանրապետությունների հետ հարաբերությունների ստեղծման մասին. «Սա միանշանակ ընդունելի է, եթե, իհարկե, հետապնդում է կայունության և խաղաղության պահպանման նպատակ: Չեմ կասկածում, որ ԵՄ-ն իրոք դրանում շահագրգռված է»:
Գնահատելով ԵՄ ակտիվացման ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Բաբայանը նշեց. «Կարծում եմ` Եվրամիության ազդեցությունը լինելու է ավելի շատ մարդասիրական ոլորտում, որովհետև ռեալ աշխարհաքաղաքական լծակներ Կովկասում ԵՄ-ն դեռևս չունի: Բայց մենք պետք է նաև այդ վեկտորներն օգտագործենք»:









































