«Միկա»-ն Կիպրոսի ուսումնամարզական հավաքի շրջանակներում երկրորդ հանդիպումն անցկացրեց և 1-0 հաշվով հաղթանակ տարավ: «Միկա»-ի երկրորդ մրցակիցը Լեհաստանի երկրորդ խմբի առաջնությունում հանդես եկող «Դրուտեքս-Բիտովիա» թիմն էր: Հենց խաղասկզբից «Միկա»-ն տիրեց նախաձեռնությանը և արդեն 13-րդ րոպեին Սեմյոն Մուրադյանը կարող է բացել հաշիվը, սակայն մոտ տարածությունից նրա կատարած հարվածից հետո գնդակն աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: «Միկա»-ի հարձակվողը մի քանի րոպե անց կրկին դուրս եկավ հարվածային դիրք, պաշտպանը խախտեց կանոնները, սակայն Մուրադյանը մնաց ոտքերի վրա և փորձեց ավարտել գրոհը, սակայն հարվածը շեղ ստացվեց: «Միկա»-ն շարունակում էր գրոհել, սակայն գրոհի եզրափակիչ փուլում ոչինչ չէր ստացվում:
Երկրորդ կեսի առաջին րոպեներին լեհական թիմը փորձեց մի քանի սուր հակագրոհներ կազմակերպել, որոնցից մեկը կարող էր ավարտվել դարպասի գրավումով, սակայն գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Երկկողմ սուր խաղ էր ընթանում, երկու թիմերի մարզիչները մեծ թվով փոփոխություններ կատարեցին: «Միկա»-ի կազմում խաղադաշտ էին դուրս եկել երիտասարդ և պատանի ֆուտբոլիստներ: «Միկա»-ի գրոհները 83-րդ րոպեին իրենց պտուղը տվեցին: Աջ եզրով կազմակերպված գրոհից հետո Վարդգես Սաթումյանը սուր փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, և վրա հասած Հենրիկ Հարությունյանը եզրափակեց գրոհը: «Միկա»-ն մինչև խաղավարտ ևս մեկ լավ առիթ ուներ, սակայն այլևս գոլ չգրանցվեց: «Միկա»-ն հաղթեց 1-0 հաշվով:
«Միկա»-ն հանդես եկավ հետևյալ կազմով. Արմեն Ֆիշյան (Արմեն Խաչատրյան, 46), Աշոտ Կարապետյան (Վարդան Մովսիսյան, 46), Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Գոռ Պողոսյան (Անդրանիկ Ոսկանյան, 71), Գևորգ Պողոսյան (Արման Հակոբյան, 84),Արմեն Պետրոսյան (Սարգիս Շահինյան, 46), Արեգ Ազատյան (Հենրիկ Հարությունյան, 62), Վարդգես Սաթումյան (Դավիթ Արշակյան, 84), Աղվան Մկրտչյան (Արթուր Ադամյան, 62), Ռաֆայել Ղազարյան (Ալիկ Առաքելյան, 82), Սեմյոն Մուրադյան (Հայկ Գալստյան, 75):
Հաջորդ հանդիպումը «Միկա»-ն կանցկացնի փետրվարի 21-ին Օրենբուրգի «Գազովիկ»-ի հետ:
«Միկա»-ի մամուլի ծառայություն:














































