Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան հայտարարել է, որ երկրի նախագահ Ուգո Չավեսը կարգադրել է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությանը տված արտգործնախարարի հարցազրույցը:
Մասնավորապես, Չավեսն Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Վենեսուելայի ներկայացուցիչ Ռոյ Չադերթոնին խնդրել է Վաշինգտոնում ակտիվացնել բանակցություններն ԱՄՆ-ի դեսպանի՝ Կարակաս, իսկ Վենեսուելայի դեսպանի՝ Վաշինգտոն վերադառնալու շուրջ:
Միևնույն ժամանակ Խաուան ընդգծել է, որ Վենեսուելայում ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, սակայն «դրա խիստ կարիքը չունեն»: «Մենք արդեն սովորել ենք ապրել առանց ամերիկացի դեսպանի»,- նշել է արտգործնախարարը:
Կարակասում ԱՄՆ դեսպան չկա 2010 թ. հուլիսից, երբ Չավեսը հրաժարվեց հաստատել ԱՄՆ-ի թեկնածուին այս պաշտոնում, քանի որ այդ դիվանագետն իբր թե անհարգալից վերաբերմունք էր դրսևորել Վենեսուելայի կառավարության նկատմամբ: Դրանից հետ ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց Վենեսուելայի դեսպանի մուտքի արտոնագիրը:









































